Եթե պետք է լավ հասկացվել,
Եթե պետք է խոր զգացվել
Լոկ եղածի նոր կրկնությամբ՝
Ես հպարտ եմ
Չհասկացվող
Եվ չզգացվող
Իմ ինքնությամբ.
Շատ-շատերից չկարդացվող՝
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով.
Այլոց կողմից չարդարացվող՝
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագրով.
Ուրիշների խնջույքի մեջ
Թող ո՛չ մի դեր չխաղացած՝
Բայց և այնպես ի՛մ հնձանով.
Թեկուզ խռպոտ ու բաղաձայն՝
Բայց ի՛մ ձայնով.
Թո՛ղ որ անզոր՝
Թո՛ղ որ իզուր՝
Բայց բնակա՜ն իմ հոսումով.
Եվ անտարբեր լրջությա՛ն դեմ՝
Թո՛ղ որ գուցե անհետևանք և ապարդյուն,
Բայց և այնպես միտք խմորող իմ տաք վեճո՜վ.
Անփառունակ-երկարատև կյանքի դիմաց՝
Իմ մկրտված կյանքի վերջո՜վ... Պարույր Սևակ
Комментариев нет:
Отправить комментарий