2.12.11

Մի կյանքի պատմություն

Տասնչորս  տարեկան էի, երբ եղբայրս հաղթեց ինչ-որ մրցույթում  ու շահեց արտասահմանում ուսումը շարունակելու հնարավորություն :Բոլորը հիացած էին նրանով :Ծնողներս հպարտանում էին  ու ամեն ինչում աջակցում նրան :Ես մեր ընտանիքի կրտսերն էի :Բոլորը ինձ   մի խենթ աղջիկ էին համարում:Ոչ ոք ինձ չէր հավատում :Չէին հավատում , որ ես էլ կարող եմ հասնել ինչ-որ բանի :Ես ընդամենը մի խենթ ու խելառ աղջիկ էի , ով կարողանում էր ուրախացնել բոլորին :Բայց միայն այդքանը:Իսկ եղբայրս կատարյալ էր ամեն ինչում :Նա լավ էր սովորում դպրոցում , հաղթում էր բոլոր մրցույթներում , լսում էր ծնողներին ու ամեն ինչ անում էր նրանց ասածով :Նա բնավորությամբ շատ հանգիստ էր ու շատ քաղաքավարի :Նա միշտ հավանություն էր տալիս մարդկանց ասած բոլոր  հիմարություններին ու միշտ քաղաքավարի ժպտում էր , իսկ ինձ եթե ինչ-որ բան դուր չէր գալիս միանգամից ասում էի :Ես կեղծելու կարիք չունեի ու ամեն ինչ ասում էի մարդկանց դեմքին , դրա համար էլ շատերը ինձ չէին սիրում :  Շատ էի սիրում գրքեր ու մեծ հաճույքով էի կարդում դրանք , բայց կարդում էի այն գրքերը , որոնք ինձ դուր էին գալիս ու հետաքրքրում էին ի տարբերություն եղբորս : Նա միշտ կարդում էր այն ինչ ուսուցիչներն էին հանձնարարում ու միշտ ասում էր , որ գիրքը շատ հետաքրքիր է ու նա մեծ հաճույքով է կարդում , ճնայած նրան , որ նա մի օր անկեղծացավ և ասաց , որ ատում է գրքերը, ուղղակի կարդում է , որ իր գնահատականները բարձր լինեն :Նա միշտ ամեն ինչ անում էր , որ դուր գա բոլորին , անկախ նրանից , թե դա դուր է գալիս նրան , թե ոչ :Սիրում էի սովորել, շատ էի սիրում :Ահա թե ինչու այդպես ցնցվեցի , երբ դպրոցս ավարտելուց հետո հայրս ասաց , որ ես չեմ կարող ուսումս շարունակել :
Ասաց , որ մեր ընտանիքի ֆինանսական վիճակը մեզ թույլ չի տալիս այդպիսի շքեղություն:Ես ցնցված էի :Մտածում էի ու չէի հասկանում , թե այդ ինչպես է ստացվում , որ ես չեմ կարող շարունակել ուսումս , իսկ եղբայրս կարող է սովորել արտասահմանում :Ես գիտեի , որ հայրս ամեն ամիս նրան գումար է ուղարկում այնտեղ ապրելու ու սովորելու համար: Շքեղություն:Ուրեմն իմ ուսումը շարունակելը  շքեղություն է:Ինձ ցավ չէր պատճառում այն , որ ես չեմ սովորելու  , որովհետև ես գիտեի , որ ես կսովորեմ :Ինձ ցավ էր պատճառում այն , որ  հայրս կարող էր օգնել եղբորս ամեն ինչում , իսկ ինձ ոչ:Բայց ոչ, նա կարող էր օգնել ինձ , ուղղակի չէր ուզում :Նրա համար ես մի հիմար աղջիկ էի , ով ,ինչպես ինքն էր ասում , ոչ մի բանի պետք չէ:Դե իհարկե , Եղբայրս կատարյալ էր, նա ընտանիքի տղան էր , մեծ երեխան ու ծնողներին լսող ու իր սեփական կարծիքը չունեցող մեկը:Որոշեցի, որ պետք է աշխատեմ , գումար վաստակեմ ,որ կարողանամ վճարել ուսմանս վարձը : Երկու  տարի աշխատեցի ու արդեն ահագին գումար էր հավաքվել և ես կարող էի վճարել ուսմանս վարձը:Բայց մի օր երբ աշխատավարձս նոր ստացած վերադարձա տուն ու ուրախ-ուրախ ուզում էի հաշվել հավաքվածս գումարը , տեսա ,որ գումարը չկա:Այո ,չկա:Վազեցի ու հարցրեցի ծնողներիս , թե արդյոք նրանք կապ ունեն իմ գումարի անհետացման հետ :Հայրս ասաց .
-Եղբայրդ զանգեց և ասաց , որ նրան գումար է պետք  ու մենք էլ մտածեցինք, որ դու դեմ չես լինի քո գումարը ուղարկել նրան:Ինչի՞դ է պետք սովորելը:Անիմաստ է , մեր ընտանիքի ֆինանսական վիճակը վատ է ու մենք միայն կարող ենք օգնել եղբորդ :Իսկ դու ավելի լավ է աշխատիր ու օգնիր ընտանիքիդ:
Ինձ ապշեցրեց հորս պատասխանը:Չէ՞ որ դա իմ գումարն էր:Ես էի առավոտից երեկո տանջվել ու այդքան գումար հավաքել :Այդ գումարը իմ չարչարանքի  արդյունքն էր:Ես լաց էի լինում ու չկարողացա ինչ-որ բան ասել : Ուղղակի դուրս փախա տնից :Ուշ երեկո էր ,մութ ու ցուրտ ձմռան երեկո :Ես փողոցում էի, մենակ :Լաց էի լինում ու չէի կարողանում հանգստանալ :Ինձնից գողացել էին իմ երկու տարվա աշխատած գումարը:Ոչ, ինձնից իմ երազանքներն էին գողացել , իմ կյանքը ու որ ամենասարսափելին էր ուղարկել էին իմ այդքան սիրելի ու այդքան ատելի եղբորը :Գնացի նստեցի այգում ու լաց եղա, մի կուշտ լաց եղա:Երբ աչքերս բացեցի արդեն առավոտ էր :Ես նույն այգում էի մենակ ու իմ ձեռքին էր իմ ստացած աշխատավարձը;Վճռեցի այլևս տուն չգնալ ;Ես գիտեի , որ նրանք ինձ չէին սիրում ու ես նրանց համար ուղղակի փողի աղբյուր էի:Գնացի տուն վարձեցի ու սկսեցի նորից աշխատել :Շատ դժվար էր մենակ ;Միայն աստված գիտի , թե այդ տարիների ընթացքում ես ինչերի միջով եմ անցել : Մենակ մի աղջիկ, ով  պետք է իր խղճուկ աշխատավարձով վճարեր բնակարանի վարձը, կարողանար ապրել ու գումար հավաքել սովորելու համար :Չորս տարի աշխատելուց հետո ընդունվեցի համալսարան :Այնտեղ սովորելու տարիներին նույնպես աշխատում էի :Գիշերները գնում էի աշխատանքի հետո գնում էի դասի , իսկ հետո տուն էի գալիս ու կարդում գրքերը, իմ այդքան սիրած գրքերը:Անկեղծ ասած չեմ ուզում հիշել այդ օրերը:Այդ սոված ու հոգնած օրերը, երբ տանը վախից կուչ էի գալիս մի անկյունում , որպեսզի չտեսնեմ վազվզող առնետներին :Երբ ուսումս ավարտեցի արտասահմանում աշխատանքի հրավեր ստացա  ու մեկնեցի արտասահման :Երկու տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձա :Վերադարձա ու մի փոքրիկ գործ սկսեցի :Իմ փոքրիկ գործը :Գրքերի խանութ էր :Էլի գրքեր:Իմ այդքան սիրած գրքերը:Հետզհետե գործերս սկսեց լավանալ ու տարիներ անց ես արդեն մի մեծ խանութների ցանց ունեի:Բոլորը ճանաչում էին ինձ:Ես արդեն մեծ ու շքեղ տուն ունեի' առանց առնետների :Հենց այդ ժամանակ հանդիպեցի ամուսնուս:Սիրահարվեցի  եւ ամուսնացա :Ես մտածում էի , որ ծնողներս ապրում են եղբորս հետ մինչև այն օրը երբ փողոցում տեսա  հորս :Նա ուրախացավ ինձ տեսնելով ու գրկեց 'արցունքոտ աչքերով :Նա պատմեց , որ եղբորս փող ուղարկելու համար վաճառել են տունը ու սկսել են վարձով ապրել ու չկարողանալով վարձը վճարել հայտնվել են դրսում :Ասաց , որ եղբայրս անհետացել ու  երկար ժամանակ է , ոչ մի լուր չունեն նրանից :Խնդրեց , որ օգնեմ նրանց :Ես նայում էի նրան ու չգիտեի ինչ անել :Նա այն մարդն էր, ով վերցրեց իմ գումարը ու ուղարկեց իմ եղբորս :Նա միշտ ինձ չի սիրել ու չի հավատացել :Նրա պատճառով է, որ ես այդքան դժվար օրեր եմ ունեցել ու նրա պատճառով է, որ այսքան տառապել եմ :Բայց մյուս կողմից նա իմ հայրն է , այն մարդը ում շնորհիվ ես կամ , գոյություն ունեմ ու հիմա նա իմ կարիքը ունի :Ես ասացի , որ կօգնեմ նրանց: Նա և մայրս ապրում էին  փողոցում  :Ես նրանց իմ տուն բերեցի ու մենք սկսեցինք ապրել միասին ;Նրանք զղջում էին ինձ հետ այդպես վարվելու համար ու ամեն ինչ անում էին , որ ես մոռանամ դա :Ես ցույց էի տալիս , որ ամեն ինչ մոռացել եմ ու ներել եմ նրանց , բայց ես երբեք չեմ մոռանա իմ մանկությունը:Այն , որ հարազատ ծնողներս չէին սիրում ինձ ու տարված էին եղբորովս :Չեմ մոռանա բոլոր այն դժվար օրերը , որ ես ունեցել եմ նրանց պատճառով :Ես միևնույն կհիշեմ այդ ամենը, բայց դրա մասին կիմանամ միայն ես :Իսկ եղբայրս այդպես էլ չվերադարձավ :

8 комментариев:

  1. Ապշած եմ, ուղղակի հիանալի էր:Բառեր չունեմ...

    ОтветитьУдалить
  2. շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ , որ քեզ դուր է եկել :)

    ОтветитьУдалить
  3. Ես իհարկե հիացած եմ, սակայն շատ կուզեի,որ մեր հերոսուհին կյանքի այդքան դժվարությունները հաղթահարելուց հետո փորձեր հաղթահարել նաև ինքն իրեն` ներել...

    ОтветитьУдалить
  4. Դե միշտ չէ , որ ամեն-ինչ լավ ու ճիշտ է լինում :Այս պատմության մեջ էլ նա չկարողացավ ներել; Շնորհակալ եմ կարծիքի համար :)

    ОтветитьУдалить